National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.01.2017
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի զեկույցը ԵԽԽՎ նիստում
1 / 1

«ԵԽԽՎ-ում ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` զեկուցողին հայտնում են խորին շնորհակալություն կատարած լավ աշխատանքի համար: Սակայն այս դեպքում անհնար է հետեւել այս ավանդույթին: Շատ զգայուն եւ խիստ կարեւոր այս թեման դարձել է մի գործիք քաղաքական շահարկումների եւ մարդկանց կյանքի հետ խաղալու համար:

Կարճ ներկայացնեմ իրավիճակը: Զեկույցի 9-րդ մասում արվում է հայտարարություն, որն իրականության հետ որեւէ առնչություն չունի: Զեկուցողը համոզված է, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված` մամուլի ազատության պաշտպանություն գոյություն չունի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների այլ տարածքներում», որտեղ նա ի նկատի ունի նաեւ Լեռնային Ղարաբաղը: Զեկուցող Արիեւն անգամ ծանոթ չէ մարդու իրավունքների ասպարեզում հետազոտություններ կատարող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդոմ Հաուզ»-ի զեկույցներին, որտեղ Լեռնային Ղարաբաղում խոսքի ազատությունը գնահատվում է մեծապես ազատ: Այս տվյալներն, ի դեպ, շատ ավելի լավն են, քան Ադրբեջանում տիրող իրավիճակը, որտեղ մամուլի ազատություն գրեթե չկա:

Զեկուցողն անտեսեց այս փաստերն անգամ այն բանից հետո, երբ նրան տրամադրվեց այս տեղեկատվությունը, ավելին` նա բացարձակապես մերժեց համագործակցության բոլոր եզրերը: Զեկուցող Արիեւը ոչ միայն չհայցեց տեղեկատվություն ուսումնասիրվող տարածաշրջանի մասին, այլ զարմանալիորեն դադարեց նամակներ եւ հեռախոսազանգեր ստանալ մեզանից այն բանից հետո, երբ մենք առաջարկեցինք հիմնվել ոչ միայն ադրբեջանական պրոպագանդայի վրա:

Այս խիստ կարեւոր թեմային վերաբերող լուրջ եւ խորը հետազոտություն կատարելու փոխարեն զեկուցողը մտել է քաղաքական դաշտ, օգտագործում է միակողմանի, վտանգավոր բառապաշար, որոնք մեզ հանգեցրին 2016 թվականի ապրիլյան տխուր դեպքերին: Բացատրեմ. ունենալով ԵԽԽՎ-ի որոշակի աջակցությունը նմանատիպ մի զեկույցի ընդունման հարցում` այս փաստը եւս ազդել է զեկույցի ընդունումից ընդամենը երկու ամիս անց Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ հարձակմանը, երբ օգտագործվեց ծանր հրետանի խաղաղ բնակչության հանդեպ:

Ի դեպ, այս չորսօրյա պատերազմի դեպքերը հենց ռազմական գործողությունների վայրից լուսաբանելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել մեծ թվով հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միայն ապրիլի 1-8-ը այնտեղ են եղել 68 լրագրող, 37 լրատվամիջոց, հետագայում նրանց են միացել մոտ հարյուր լրագրող եւս: Այդ թվում` CNN, RAI, Al Jazeera, New York Times, Lifenews, Medusa եւ այլն: Ձեզանից շատերը, վստահ եմ, որ կհիշեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խոսքը CNN-ի ուղիղ եթերում: Արդյոք այս փաստը հաստատում է, որ Ղարաբաղում խոսքի ազատություն չկա: Ոչ, սա հաստատում է ճիշտ հակառակը:

Ցավով պետք է փաստեմ, որ առանց ուսումնասիրության վայր մեկնելու եւ տեղում փաստահավաք գործունեություն իրականացնելու, զեկույց պատրաստելը դարձել է սովորական երեւույթ: Հպարտորեն հիշեցնեմ` մեկ տարի առաջ մենք մերժեցինք նման մի զեկույց, եկեք վերջ դնենք ժողովրդավարության բնօրրանում այս արատավոր երեւույթին: Մենք չենք կարող աչք փակել այն երեւույթի վրա, թե ինչպես է ժողովրդավարության բնօրրանը քայլ առ քայլ վերածվում կաշառակերության բնօրրանի: Իրականում ես մեծ ափսոսանքով եմ նշում սա, սակայն զեկուցող Վոլոդիմիր Արիեւի հարցազրույցը, որում նա ներողություն է հայցում Իլհամ Ալիեւից, իր մեծ սերն է արտահայտում Ադրբեջանի նախագահի եւ նրա երկրի հանդեպ, հաստատում է Ադրբեջանի շահերը ներկայացնելու հարցում զեկուցողի խորը շահագրգռվածությունը:

Եկեք ոչ ոքի թույլ չտանք վտանգելու մեր հեղինակությունը»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am